Վարչապետը հանձնարարեց կանոնակարգել գրավի իրացման գործընթացը

Վարչապետը հանձնարարեց կանոնակարգել գրավի իրացման գործընթացը

Գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ:

Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը՝ ավելացնելով. «Քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատանը հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ, նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահոված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»։

Այս իրավիճակը բացառելու նպատակով Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում