Վարչապետը հանձնարարեց գյուղացուն ամեն կերպ աջակցել. Հաստատվեց լիզինգի նախագիծը

Վարչապետը հանձնարարեց գյուղացուն ամեն կերպ աջակցել. Հաստատվեց լիզինգի նախագիծը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի նախագծին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նոր ոգում­ների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:

Ըստ նախարարի, հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79 տոկոսը: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10-12.5 տոկոսի չափով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է, որպեսզի մաքսիմալ ժամանակակից պայմաններ ստեղծվեն գյուղատնտեսության զարգացման համար: «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման դրան ռեսուրս կգտնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նկատմամբ պետք է մաքսիմալ ուշադիր լինել:

«Այս կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանալ և թողնել ինքնահոսի, այլ պետք է համայնքներում մարզպետները, ձեր նախարարությունը զբաղվի այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի, որտեղ է լիզինգը ձևակերպում, ամեն ինչով պետք է աջակցել»,- ասաց վարչապետը: Իգնատի Առաքելյանն էլ ավելացրեց, որ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվի ամբողջ տեղեկատվությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1-2 տոկոսը, սակայն այն նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունո ւմ մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում