Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշում է` Ստամբուլի նահանգապետարանից եկած գրությունը անելանելի դրության մեջ է դրել հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում նա նշել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել նահանգապետարանում:

«Պատմական օր ապրեցինք: Մեր ավանդույթների, սովորույթների, կրոնական օրենքների համաձայն ժողով գումարեցինք և տեղապահ ընտրեցինք: Բոլորը կատարվածն ընդունեցին, ողջունեցին, սակայն դրանից հետո նահանգապետարանից եկած ուղերձը մեր ոգին տակնուվրա արեց: Չգիտեմ` ինչ ճանապարհով ենք ընթանալու, սակայն այստեղ մի թյուրըմբռնում կա: Նահանգապետարանից եկած նամակում կան կետեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մոտ ժամանակներս նահանգապետից հանդիպում կխնդրենք և պարզաբանումները նրանից կպահանջենք` մեր պարզաբանումներն էլ նրան ներկայացնելով: Սա պետության տեսանկյունից իրականում ուշադրության կենտրոնում պահելու, զգայուն մոտեցում ցուցաբերելու արժանի հարց է: Սա կրոնական հարց է: Աշխարհիկ պետության կողմից սահմաններն անցնելով կրոնական գործին միջամտելը բոլորիս հիասթափեցրեց»,– նշել է Մաշալյանը:

Խոսելով նահանգապետարանից եկած նամակի մասին` սրբազանն ասել է. «Կամ նամակը նախապես էր եկել և սպասեցվել էր. եթե Արամ սրբազանը հաղթեր առհասարակ դուրս չհանվեր, կամ էլ գրվել էր որպես Արամ սրբազանի պարտության կապակցությամբ սեղանին դրվելիք նամակ: Այս ամենը չգիտենք: Սակայն հարցն այն է, որ այս նամակը կրկին մեր համայնքին, եկեղեցուն փոթորկի մեջ մտցրեց: Պետք է սառնասրտություն դրսևորենք: Պետության հետ պայքարի մեջ մտնելն ամենավերջին բանն է, որ կցանկանայինք»: Մաշալյանը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթանակի կրոնական և խղճի ազատությունը:

Սրբազանն ընդգծել է նաև, որ եկեղեցական օրենքներով Արամ Աթեշյանն այլևս փոխանորդ չէ: «Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի: Հրաժարականի պարագայում կվերջանա նաև փոխանորդությունը: Արամ սրբազանին փոխանորդ ընտրած խորհուրդը նաև տեղապահ ընտրեց: Որքանով օրինական է նրա փոխանորդ ընտրվելը, նույնքանով էլ օրինական է Գարեգին սրբազանի տեղապահ ընտրվելը: Անհրաժեշտ է, որ այս ամենն ասենք նահանգապետարանին: Գարեգին սրբազանը եկեղեցական օրենքներով ընտրված մեր տեղապահն է: Արամ սրբազանն էլ նույն եկեղեցական օրենքների համաձայն արդեն փոխանորդ չ է, նա փոխանորդությունն արդեն չկա: Ըստ մեր կաթողիկոսի ներկայությամբ արված ջենթլմենական համաձայնության` տեղապահի ընտրությամբ փոխանորդի բոլոր լիազորությունները դադարեցվում են և փաստացիորեն դադարեցվել են: Այժմ այս անտեղի միջամտությունից հետո տարօրինակ կացության առաջ ենք կանգնել. ունենք փոխանորդ, որն արդեն փոխանորդ չէ և տեղապահ, որը չի կարողանում լինել տեղապահ»,– նշել է Մաշալյանը:

Նա փաստել է, որ նահանգապետարանի որոշմամբ եկեղեցին անգործունակ վիճակում է հայտնվել: «Այս պահին կրոնական առաջնորդ չունենք»,- ցավով ընդգծել է Մաշալյանը:

Նա հայտնել է, որ Արամ սրբազանն ասել է, թե մարտի 17-ին գրություն կուղարկի նահանգապետարան հանդիպում կազմակերպելու հարցով: «Սակայն մենք գիտենք, թե ինչ ճակատագիր են ունենում հանդիպման նման պահանջները»,- ասել է Մաշալյանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահն ընդգծել է, որ քանի դեռ պետության հետ ունեցած թնջուկը չի լուծվել, Գարեգին սրբազանը չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում