Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է արագաչափերը նախընտրական շահարկումների թեմա չդարձնել

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է արագաչափերը 
նախընտրական շահարկումների թեմա չդարձնել

«Երթևեկությունը վերահսկող տեխնիկական սարքավորումները հատուկ զսպիչ մեխանիզմ են վարորդների համար, տեխնիկական սարքերը փոխարինում են մարդու ֆիզիկական աշխատանքին, սա գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված անխուսափելի գործընթաց է»,– «Հանրային հեռուստատեսության» խնդրանքով ներկայացնելով արագաչափերի կիրառման արդյունավետությունը՝ ասել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: 

Նա հավաստիացրել է, որ արագաչափերի տեղադրումից հետո Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը զգալիորեն նվազել է , երթևեկության կուլտուրան՝ բարձրացել:

«Դա կարող են փաստել բոլորը , իսկ դրա համար պարտական ենք նաև այդ տեխնիկական սարքերի կիրառման գործընթացին: Որպես օրինակ՝ Երևան- Սևան ավտոճանապարհի այսպես կոչված «չայնի» տարածքում ճանապարհատրանսպորտային բազմաթիվ պատահարներ էինք ունենում, նաև զոհեր: 2012 թվականին այստեղ արագաչափ սարք կիրառելուց հետո ոչ մի նման պատահար չենք ունեցել»,– ասել է ՃՈ պետի տեղակալը և ներկայացրել նաև 2016 թվականի վիճակագրությունը՝ արձանագրված դրական դինամիկայով:

Ըստ այդմ՝ 2016թվականին, 2015 –ի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 5,8, վիրավորների թիվը՝ 6, զոհերի թիվը՝ 23 տոկոսով: Ավելի պարզ՝ 2016 թվականին, 2015-ի համեմատ, 196 –ով ավելի քիչ պատահարներ են եղել, 286-ով պակասել է վիրավորների և 80-ով՝ զոհերի թիվը: Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների ծանրության գործակիցը, այսինքն՝ յուրաքանչյուր 1000 տուժածից ավելի քիչ մարդ է զոհվել, քան 2015 թվականին: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ արագաչափ սարքերի տեսադաշտում պատահարներ գրեթե չեն լինում:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի կուսակցություններ քաղաքացիներին խոստանում են ընտրվելու դեպքում վերացնել արագաչափերն ու երթևեկությունը վերահսկող տեխնիկական մյուս սարքավորումները, որոշ քաղաքական գործիչներ էլ իրենց ելույթներում սեփական վարկածով վիճակագրություն են ներկայացնում՝ պնդելով, որ արագաչափերը ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու տեսանկյունից ոչ մի օգուտ չեն տալիս: Ճանապարհային ոստիկանությունը քաղաքական կուսակցություններին հորդորում է արագաչափերը նախընտրական շահարկումների թեմա չդարձնել և դրանք վերացնելու խոստումները չծառայեցնել որպես քաղաքացիներին հաճոյանալու գործիք :

Հետևեք մեզ նաև Telegram-ում