Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել «Հաց բերողի» մահվան դեպքի առթիվ

Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել «Հաց բերողի» մահվան դեպքի առթիվ

Արթուր Սարգսյանը, ով հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին սահմաններում մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը և դեպքի առթիվ ներկայացնում նոր մանրամասներ։

Ցավալի իրադարձության ժամանակագրությունը հետևալն է. 2017թ. մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և 4 օր անց՝ մարտի 10-ին, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, դուրս է գրվել հիվանդանոցից իր կամքով: Այնուհետև, արդեն մարտի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում կրկին դիմել է «Արմենիա» ԲԿ` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ:

Բացի տվյալ անհետաձգելի խնդրից, նրա մոտ առկա են եղել մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, մասնավորապես` Բեխտերևի և սրտի իշեմիկ հիվանդություններ: Ընդունվելիս Արթուր Սարգսյանի վիճակը եղել է ծանր՝ պայմանավորված խորը ինտոքսիկացիայով: Համապատասխան հետազոտություններից հետո նա վիրահատվել է անհետաձգելի ցուցումներով։ Վերջինիս մոտ ախտորոշվել է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։

Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա և որովայնի խոռոչի սանացիա։ Վիրահատության ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել սուր սրտանոթային և թոքային անբավարարության նշաններ, որոնք հարաճել են հետվիրահատական շրջանում։

Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված բոլոր հնարավոր միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում