Գերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող կուսակցության ևս մեկ միջոցառում

Գերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող կուսակցության ևս մեկ միջոցառում

Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle պարբերականը:

Հանովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկը նշել է, որ մարտի 17-ին կայանալիք թուրք գործչի միջոցառման առնչությամբ հանդիպել է Ստորին Սաքսոնիա երկրամասի ոստիկանության և ղեկավարության հետ: «Մեր այս որոշմամբ ցանկացանք հայտնել, որ մեր քաղաքում նմանօրինակ հավաքների կազմակերպումը մեզ՝ որպես պատասխանատու քաղաքական գործիչների համար ցանկալի չէ»,- ասել է Շոստոկը:

Նա ընդգծել է, որ Հանովերը կողմ է խաղաղ երկխոսությանը և այդ երկխոսությանը թուրքական ծագում ունեցող քաղաքացիների մասնակցությանը: «Սակայն որպես քաղաքապետ, կարծում եմ, իրավունք ունեմ կանխել Թուրքիայի ներքին քաղաքական վեճերի տեղափոխումը մեր քաղաք»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում