Վերակառուցվում է 116-ամյա Սբ Սարգիս եկեղեցին

Վերակառուցվում է 116-ամյա Սբ Սարգիս եկեղեցին

Այգեզարդ համայնքի Սբ Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է 1901-03 թթ., ժամանակին նույնպես զոհ Է դարձել աթեիստների արշավանքին: Սակայն հավատավոր ժողովուրդը եկեղեցու հողաշեն պատերը մատուռ է դարձրել ու ավելի քան կես դար կարողացել իր աղոթքն առ Աստված այդ միջոցով ուղղել: Խորհրդային տարիներին վանքապատկան հողերը յուրացվել էին, կառուցվել բնակարան, գոմ… Սրբատեղին դարձել էր աղբանոց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մինասյանների ընտանիքը, պահպանելով մատուռ-սրբատեղին, երեք տարի առաջ 30 քմ տարածքի վրա սկսեց Սբ Սարգիս եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Երկշերտ քարակերտ պատերով եկեղեցու շինարարական աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է: Տեղադրված են երկաթե դուռը, պատուհանները, ջրագիծ է անցկացված, եկեղեցու վրա տեղադրված է խաչը: Շուտով կսկսվեն երկրորդ խաչի տեղադրման, տանիքի շինարարական եւ ներքին հարդարման աշխատանքները, կտեղադրվի նաեւ Սուրբ սեղանը, ինչպես նաեւ Հիսուսի, Տիրամոր եւ Սբ Սարգիս մեծադիր նկարները, որոնք արդեն պատվիրված են: Եկեղեցու բակում. կանաչապատման, հարդարման աշխատանքներից բացի. կկառուցվի նաեւ ցայտաղբյուր:

Ամուսիններ Գեղամ եւ Անուշ Մինասյաններն ընդգծեցին, որ եկեղեցին կառուցվում է ողջ համայնքի համար: Եկեղեցու կառուցմանը մասնակցում են Մինասյան գերդաստանի փեսաները, խնամիները: «Յուրաքանչյուրն աշխատում է մասնակցություն ունենալ Աստծո օջախի կառուցմանը: Եկեղեցու վերակառուցումից հետո գյուղում այսուհետեւ կկատարվեն բոլոր հոգեւոր ու ժողովրդական տոներն ու ծեսերը»,-ասացին տեր եւ տիկին Մինասյանները:

Ընդգծենք նաեւ, որ Սբ Սարգիս եկեղեցու կառուցումը կարեւորվում է նաեւ նրանով, որ տարիներ շարունակ եկեղեցի եւ շրջիկ քահանա չլինելու պատճառով Այգեզարդում վխտում են հոգեւորս աղանդավորները: Եկեղեցու կառուցման-ավարտման գործընթացը եւ գործող եկեղեցի ունենալու փաստն ինչ-որ չափով կլուծի նաեւ այդ խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում