Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը քաղաքական դիվիդենտների համար

Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը քաղաքական դիվիդենտների համար

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նա՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ, հանրության շրջանում առավել հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը համարեց ցավալի և նշեց, որ որոշ քաղաքական ուժերի ձեռքին այն չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:

«Ցավակցելով հարազատներին՝ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չի կարելի այդ ամենի հիման վրա հանրային տրամադրություն ձեւավորել: Հանրությունը վրդովված է, եւ դա նորմալ է, մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների, էմոցիոնալ գնահատականների հետ, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են դա քաղաքականցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն: «Անկախ նրանից՝ դա Արթուր Սարգսյանն է, թե այլ քաղաքացիներ, տարբերություն չենք դնում, օրենքով ենք առաջնորդվում յուրաքանչյուր անձի դեպքում»,-նշեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն եւս մի քանի քաղաքական ուժերի նման որոշ ժամանակով դադարեցնելու է քարոզարշավը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, Արտակ Զաքարյանն ասաց, որ դեռեւս նման քննարկում չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում