ՀՀ Նախագահը գիտահետազոտական ինստիտուտներին կոչ է անում ծրագրեր ներկայացնել լրացուցիչ ֆինանսավորման համար

ՀՀ Նախագահը գիտահետազոտական ինստիտուտներին կոչ է անում ծրագրեր ներկայացնել լրացուցիչ ֆինանսավորման համար

Գիտահետազոտական ենթակառուցվածքները պահանջում են ժամանակակից գիտական սարքավորումների անընդհատ արդիականացում և թարմացում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանը` կապված ժամանակակից գիտական սարքավորումների պակասի հետ:

«Ակնհայտ է, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, հաշվի է առնվում նաև սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը: Եթե խոսքը լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին է, ապա կոնկրետ ծրագիր պետք է լինի և կոնկրետ գիտահետազոտական հաստատությունը լրացուցիչ ֆինանսավորում ստանա արդիականացնելու իր սարքավորումները: Ընդհանրական մենք այսպես հնարավորություն չունենք մեր բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն արդիականացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախագահը:

Նախագահը կարծում է եթե ծրագիր ներկայացվի կոնկրետ գիտահետազոտական կենտրոնի մասնակցության մասին, կառավարությունը հաճույքով կնայի ու կքննարկի: «Ընդամենը առաջարկ է պետք ներկայացնել ու խոստում, թե ինչ արդյունք ենք ունենալու ծրագրի իրականացման արդյունքում»,- եզրափակեց Նախագահ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում