Թուրք նախարարները Նիդերլանդներ գնալով հակառակվել են Թուրքիայի վարչապետի խոսքին

Թուրք նախարարները Նիդերլանդներ գնալով հակառակվել են Թուրքիայի վարչապետի խոսքին

Նիդերլանդներում թուրք նախարարների միջոցառումների չեղարկումից հետո առաջացած ճգնաժամը անհանգստություն է առաջացրել նաև Թուրքիայի կառավարության ներսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Sputnik-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը զայրացել է, որ որոշ նախարարներ գործել են հակառակ իր կարգադրության:

Յըլդըրըմը միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ թուրք գործիչները Նիդերլանդներում միջոցառումներ պետք է անցկացնեն այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հակառակ Յըլդըրըմի հայտարարության, որոշել էր մեկնել Նիդերլանդներ:

Երբ Չավուշօղլուի ինքնաթիռին Նիդերլանդներում վայրէջքի թույլտվություն չէին տվել, Գերմանիայից ցամաքային ճանապարհով այդ երկիր էր մտել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, սակայն նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:

Համաձայն Sputnik-ի տեղեկության` Յըլդըրըմը զանգահարել է Քայային և ասել. «Չէի ասել չգնալ մինչև մարտի 15-ը»: Վարչապետը շրջաբերական է հրապարակել այն մասին, որ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արտերկրյա այցերի դեպքում կապ հաստատեն արտաքին գործերի նախարարության հետ: Բացի այդ, նա կարգադրություն է տվել այն մասին, որ արտաքին քաղաքականության մասին հայտարարությունները, այդ թվում և նրանք, որ արվելու են նախարարների կողմից, կոորդինացվեն երկրի նախագահականի, կառավարության և արտգործնախարարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում