«Հայկական ժամանակ». Հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է

«Հայկական ժամանակ». Հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է

Ինչպես և սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժևորվել է: Երեկ մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 483 դրամ 51 լումա, այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր:

«Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին հարևան Իրանում տոնվող Նովրուզով: Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր իրանցիներ մի քանի օրով այցելում են Հայաստան և այստեղ նշում տոնը: Ընդ որում, հիմնական հոսքը կսկսվի այսօր, բայց արդեն Հայաստան եկած իրանցիների ծախսած արժույթը ազդեցություն է թողել դրամի փոխարժեքի վրա: Ըստ որոշ հաշվարկների, իրանցի զբոսաշրջիկների հոսքը 2-2.5 տոկոսով արժևորում է դրամը: Անցած տարի այս օրերին Հայաստան էին ժամանել մոտ 32 հազար իրանցիներ: Թե ինչպիսին կլինի այս տարվա ցուցանիշը, դեռ դժվար է ասել:

Վերջին տարիներին նկատվում է միտում, որ շատ իրանցիներ մուտք են գործում Հայաստան, սակայն ճանապարհը շարունակում են մինչև Վրաստան և հանգրվանում այնտեղ: Դա պայմանավորված է նրանով, որ Վրաստանի զբոսաշրջային ինդուստրիան ավելի լավ է զարգացած: Այս տարի արձանագրվելիք ցուցանիշը ցույց կտա, թե որքանով է ավելի գրավիչ դարձել Հայաստանը մեկ տարվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում