Մեր պարտքն է ներկայացնել, որոնք են հասարակության համար իրականանալի առաջարկները և որոնք՝ խաբկանք

Մեր պարտքն է ներկայացնել, որոնք են հասարակության համար  իրականանալի առաջարկները և որոնք՝ խաբկանք

Այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնում տնտեսագիտական ոլորտի փորձագետները քննարկում էին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները:

«Սխալ կլիներ, որ Հայաստանի առաջատար տնտեսագետները անմասն մնային այս գործընթացից և չմասնակցեին կամ իրենց դիտարկումները չներկայացնեին այդ հիմնադրույթների վերաբերյալ»,- իր խոսքում նշեց կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Ներկայացվող ելույթները չունեն ո՛չ քարոզչական, ո՛չ հակաքարոզչական բնույթ: Մենք մեր պարտքն ենք համարում անկողմնակալ ներկայացնել, որոնք են մեր հասարակության համար առավել օգտակար ու իրականանալի առաջարկները և որոնք են խաբկանք»,-հավելեց Մանասերյանը: 

Մանասերյանը նշեց, որ նախատեսվում է նաև երկրորդ քննարկում, որին կհրավիրվեն նաև քաղաքական ուժերը:

«Մի կողմից միևնույն քաղաքական ուժի կողմից կան և՛ խոստումներ, և՛ պահանջներ իջեցնելու հարկերը կամ ազատել հարկերից փոքր ու միջին բիզնեսը: Մյուս կողմից նույն քաղաքական ուժի մոտ կարելի է նկատել խոստումներ բարձրացնելու միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը:

Պետք է ավելի օբյեկտիվ լինենք ու նշենք, թե ինչ այլընտրանք կա դրան, ինչ իրատեսական առաջարկներ կարելի է անել, որպեսզի ոչ միայն ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժը հաղթանակի, այլ նաև վերջապես արձանագրել տնտեսական առաջըթաց կամ նույնիսկ տնտեսական բեկում»,- խոսքը սահմանափակեց Մանասերյանը:

Լիլիթ ՍԵԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում