Կարեն Կարապետյանն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պ ատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վարչապետը շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան վիճակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ: «Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև Կարեն Կարապետյանին են ներկայացվել Ախթալայի առաջանցիկ զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը, որտեղ կլինեն ֆրանսիական ոճով հյուրատներ, ռեստորաններ, ծառայությունների մատուցման օբյեկտներ և այլն: Ֆրանսիական թաղամասի ծրագիրը գնահատվում է 3 միլիարդ դրամ: Կարեն Կարապետյանը կարևորել է Ախթալայի զարգացումը և նշել, որ համայնքի ղեկավարից ակնկալում է ծրագրերի առարկայական ներկայացում ինչպես կառավարութ յանը, այնպես էլ մասնավոր հատվածին և դրանց իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանք:

Վարչապետն այցելել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարան, որը շահագործման է հանձնվելու ընթացիկ ամսվա 29-ին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել նախակրթարանով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և պարագաներով: Ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներդրել է շուրջ 1 մլն դոլար: Լոռու մարզում կառուցվում է նմանատիպ հինգ նախակրթարան:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ, իսկ ծննդատան մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ներդնելով 1 մլրդ 200 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը և բնակ չությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ ծանոթացել արտադրանքին, արտահանման և զարգացման ծրագրերին: «Գլորիա»-ն հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Նշվել է, որ ներկայում ֆաբրիկան ապահովում է շուրջ 800 աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմում է 90-110 հազար դրամ, արտադրանքն արտահանվում է Իտալիա և Գերմանիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում