Հաքերները «կոտրել են» Microsoft-ի եւ Apple-ի գործառական համակարգերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ

Կանադայի Վանկուվեր քաղաքում Pwn2Own 2017 ցանցահենների ամենամյա մրցման շրջանակներում տեղեկատվական անվտանգության բնագավառի հետազոտողների թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ «կոտրել են» Microsoft Windows-ի եւ Apple MacOS-ի գործառական համակարգերը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TechWorm-ին: 

Փորձարկումների առաջին օրը Qihoo360 թիմը «կոտրել է» MacOS-ը՝ ճեղքվածք գտնելով միջուկում եւ ստանալով գաղտնի տեղեկատվություն մուտք գործելու հնարավորություն: Դրա համար մասնագետներն 10 հազար դոլար են ստացել մեկ միլիոն դոլարի ընդհանուր մրցանակային հիմնադրամից: Նույնքան գումար Է բաժին հասել Chaitin Security Research Lab թիմին, որը կարողացել է «կոտրել» MacOS-ն այլ խոցելիության միջոցով:

Windows գործառական համակարգը «կոտրել են»360 Security եւ Team Sniper թիմերի մասնագետները: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել է 15 հազարական դոլար:

55 հազար դոլարի վարձատրության դիմաց Team Sniper-ի եւ Sword Team-ի հետազոտողները նաեւ «կոտրել են» Microsoft Edge-ի բրաուզերը, իսկ Chaitin Security թիմը խոցելիություն է գտել Mozilla Firefox-ում: 360 Security-ին 35 հազար դոլար է բաժին հասել Safari-ն «կոտրելու» համար:

Pwn2Own-ն ցանցահենների ամենամյա մրցաշար է, որը 2007 թվականից տեղի է ունենում CanSecWest տեղեկատվական անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում: Մասնակիցները պետք է սահմանափակ ժամանակում «կոտրեն» որոշակի սարք կամ ծրագիր, ինչից հետո դրամական վարձատրության դիմաց գտած խոցելիությունը ներկայացնեն արտադրողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում