ԵՄ-ում առաջարկել են փոխել խնդրահարույց երկրներին ցուցաբերվող տնտեսական օգնության ձեւաչափը

Եվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը, տեղեկացնում է «Արմնպրես»-ը:

«Շատ նպատակահարմար կլիներ, եթե Եվրոպայի կայունացման մեխանիզմը (ESM) միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում դառնար եվրոպական ԱՄՀ: Այն պետք է հստակ առաջատար դեր ստանձնի ապագա ծրագրերում»,-հայտարարել է Դեյսելբլումը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ կերպ «եռյակի» ներկայիս կառույցն ապագայում կարելի կլինի վերացնել: «ԵԿԲ-ն «եռյակի» անդամի դերում իրեն ավելի ու ավելի անհարմարավետ է զգում, եւ, ես կարծում եմ՝ ոչ առանց հիմքերի»,-հայտարարել է նա: Դեյսելբլումը նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովն «կարեւոր այլ գործեր» ունի, որոնց վրա արժե կենտրոնացնել ուշադրությունը: Իր հերթին ESM-ն պետք է ձեռք բերի պրոֆեսիոնալ իրավասություններ, որոնք այսօրվա դրությամբ միայն ԱՄՀ-ն ունի»,-ասել է նա:

Հունաստանի օգնության ընթացիկ ծրագրի վերաբերյալ Դեյսելբլումը հանդես է եկել խնդիրների ստուգված բաշխումը պահպանելու օգտին:

Բացի այդ, նա սպասում է, որ ԱՄՀ-ն որոշում կընդունի մասնակցել նոր ծրագրին: Նա ընդգծել է, որ «շատ լավ» կլիներ, եթե դա տեղի ունենար մինչեւ ամառ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում