Բլոգերներին տպավորել է արցախցի երեխաների խաղաղության ձգտումը. շարունակվում է բլոգերների միջազգային ֆորումը

Արցախի Հանրապետությունում մարտի 19-21-ը տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումին մասնակցում են շուրջ 30 բլոգերներ 11 երկրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումի գլխավոր թեմաներն են հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: Արցախում բլոգերների միջազգային ֆորումի աշխատանքները կազմակերպվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից: Ֆորումը վարում են ԱՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ֆորումին «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց արցախյան հակամարտության առաջացման պատճառները: «Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,- ասաց Արզումանյանը:

Նա հիշեցրեց՝ չի անցել մեկ տարի, ինչ զոհվեցին ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով: Նրա խոսքով` նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշեց խաղալ տարածաշրջանի հետ: Արզումանյանի համոզմամբ` իրենց խնդիրն է այնպես անել, որ Կովկասը չդառնա «կրակային», քանի որ այն չի լինելու միայն տեղային, այն լինելու է լայնամասշտաբ: «Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավոր վող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,- ասաց նա:

ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը ներկայացրեց Արցախի զբոսաշրջության վիճակը: Նրա խոսքով` Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, ՀՆԱ-ի 3 տոկոս, 7 զբոսաշրջային ընկերություններ և լիցենզավորված զբոսավարներ:

«Արցախի Հանրապետության զբոսաշրջիկներն առաջին հերթին ՌԴ քաղաքացիներն են, այնուհետև ԱՄՆ-ի, Իրանի և եվրոպական երկրների քաղաքացիները: Զբոսաշրջիկների այցելության միջին տևողությունը 5 գիշեր է: Արցախում կան ավելի քան 4 հազար պատմամշակութային հուշարձաններ, 5 արգելոցներ, բարձր լեռներ, կանաչ հարթավայրեր, գետեր, ջրամբարներ և, իհարկե, ժողովուրդ, որը չի կորցրել հնուց եկած իր հյուրընկալությունը»,- ասաց Շահվերդյանը:

Բելառուսից ժամանած բլոգեր Ալեքսանդր Հոիշըկն անդրադարձավ Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Նա համոզմունք հայտնեց, որ այն ռուսական և բելառուսական իշխանությունների կոնֆլիկտի հետևանքն էր:

«Ես` ինքս, ճանապարհորդ եմ և լավ հասականում եմ, թե ինչ է նշանակում լինել աննշան խաղացող այս մեծ խաղի մեջ: Ցավոք սրտի այս խաղն էլ շատ վատ անդրադարձավ մեր երկրի իմիջի վրա միջազգային հանրության կողմից: Այն ցույց տվեց, որ թե ինչքան անիմաստ էր այն: Մենք ոչ մի նավթ էլ չստացանք, արդյունքում պարտվեցինք բոլոր ասպեկտներում: Ես, որպես Բելառուսի քաղաքացի, կարող եմ իմ ներողությունը խնդրել, սակայն պարզ է, որ նման բաները մենք չենք որոշում»,– ասաց նա:

Մոսկվայից բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը նշեց, որ առաջին անգամ է Արցախում, չնայած, որ միշտ ցանկացել է այցելել: «Շատ մարդիկ կան, որ պատկերացումներ չունեն հակամարտության վերաբերյալ, իսկ այժմ այստեղ են և դա նրանց ներկայացվում է: Ինձ շատ հետաքրքիր է և իմ ընթերցողներին նույնպես կհետաքրքրի այն, թե ինչ եմ ես այստեղ տեսել»,– ընդգծեց նա:

Բլոգեր Անտոն Մերկուրովը ուրախություն հայտնեց ԱՀ-ում գտնվելու համար: «Ինձ համար շատ կարևոր այցելություն է, քանի որ մի կողմից ես այստեղ չեմ եղել, մյուս կողմից ինձ համար հնարավորություն է աշխարհին տեղեկացնելու թե ինչ է այստեղ կատարվում: Արցախը զարմացնում է իր մաքրությամբ: Կարծում եմ այն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ: Հաճելի է այցելել Արցախ»,-ասաց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ համաժողովի դրդապատճառը հանդիսացել է Լապշինի արտահանձնումը: «Նպատակները շատ են` Արցախն ավելի տեսանելի դարձնել, ճանաչելի դարձնել սոցիալական մեդիաների միջոցով, կապեր ստեղծել»,- ասաց նա:

Նրա խոսքով` մարտի 19-ին Արցախի Թումո կենտրոն այցելությունից բլոգերները շատ էին տպավորվել երեխաների անմիջականությունից: Նրանց նաև տպավորել էր խաղաղություն ունենալու երեխաների շատ մեծ ցանկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում