Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզչությունը գնահատում է որպես ակտիվ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ քարոզարշավն ընթանում է բավականին ակտիվ, եւ Երեւանում իրականացված միջոցառումները հստակորեն տարբերվում են մարզերից:

«Երեւի, Երեւանի կենտրոնը մնում է միակ չկաշառված վայրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ կուսակցությունը քարոզում է ազատ տնտեսություն, ազատ ընտրություն, այլ ոչ` արեւմտամետություն: «Այն, որ մենք կողմ ենք ԵՄ հետ հարաբերություններին, ասոցացման պայմանագրի ստորագրմանը, արեւմտամետություն չէ: Խոսքն այն մասին է, որ ԵԱՏՄ-ն իրավունք չունի մեզ կաշկանդելու, բայց այն այդպես էլ անում է: Մենք տեսել ենք, որ սա արդյունավետ համագործակցություն չէ: Մենք դեմ չենք Ռուսաստանի հետ համագործակցությունը, սակայն դրանից մեր անկախությունը չպետք է տուժի»,-ընդգծեց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ խորհրդարանում տեղ ունենալու համար իրենք լիարժեքորեն մրցակցում են իշխող ուժի՝ Հանրապետականի հետ: «Օրինակ՝ մենք չենք ասում՝ կգանք, կսարքենք երկիրը: Ուղղակի մեր աշխատանքի արդյունքում դուք այնքան բան կստանանք, որ ինքներդ կկարողանաք երկիրը սարքել»,-վստահեցրեց ԱԺ պատգամավորը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ ընտրակաշառքի բաժանման հստակ փաստեր կան:

Հարցին, թե նման դեպքում ինքն ինչու չի դիմում դատարան, նա պատասխանեց. «Դատարան կդիմեմ այն ժամանակ, երբ գանք իշխանության, այսինքն՝ այդ դեպքում կփոխենք ողջ դատական համակարգը, այժմյան դատավորներն իրենց տեղում չեն լինի: Երկիրն առհասարակ բուժման կարիք ունի»: «Ազատ դեմոկրատները» դաշինք կկազմի այն ուժերի հետ, որոնք ունեն ազատական մոտեցում:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ ընտրապայքարում ընդգրկված քաղաքական ինն ուժերը նախընտրական քարոզարշավը սկսել են մարտի 5-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում