Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 20-ին ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի տնօրեն (BPPS) Մագդի Մարտինեզ-Սոլիմանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց աղետների ռիսկի կառավարման շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցության ընդլայնումը: Կողմերը մասնավորապես քննարկեցին համատեղ աշխատանքի խորացումն ու ծրագրերի մշակումը աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման բնագավառում, ինչպես նաև՝ հումանիտար ականազերծման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացում անօդաչու թռչող սարքերի կիրառման հիմնահարցերում:

Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դերակատարումը՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով, որը միակն է տարածաշրջանում:

ՄԱԶԾ ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատեցին Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման նպատակով ՀՀ կառավարությանն աջակցելու ՄԱԶԾ հանձնառությունը:

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ հյուրերն ԱԻ նախարարի հետ այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում