Չենք տեսնում կոալիցիա ՀՀԿ-ի հետ. Ա. Զուրաբյան

«ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Իսկ թե ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունն ապահելու դեպքում ում հետ կոալիցիա կկազմի «Ծառուկյան» դաշինքը, Ա. Զուրաբյանը դժվարացավ առայժմ պատասխանել:

Հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի այս փուլի արդյունքներն ու սոցհարցումների վիճակագրությունը, բանախոսը վստահ է, որ իր ներկայացրած դաշինքը 6-րդ գումարման ԱԺ-ում կապահովի կա´մ մեծամասնություն, կա´մ` բացարձակ մեծամասնություն: «Օրինակ նախագահական ընտրությունների ժամանակ միշտ էլ առկա են եղել բացասական երևույթներ` լցոնումներ, «ռազբորկաներ» և այլն: Իշխող ուժը ցինիկաբար նենգափոխել է ընտրությունների արդյունքները ու, այդ ամենով հանդերձ, նախագահի թեկնածուն լավագույն դեպքում հավաքել է ձայների 51 տոկոսը»,-նշեց բանախոսը` հավելելով, որ եթե այս ընտրություններին ՀՀԿ-ն շատ խախտումներ չանի, ապա կհավաքի 25-30 տոկոս ձայն:

Լրագրողներից մեկի հարցին` «Ծառուկյան» դաշինքի բացարձակ մեածամասնություն կազմելու դեպքում ո՞ւմ է տեսնում Զուրաբյանը նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնում, բանախոսը պատասխանեց. «Ես նոր մարդ եմ այդ դաշինքում, բայց այնտեղ կան իրար հետ երկար քաղաքական ճանապարհ անցած մարդիկ, ովքեր, կարծում եմ, ավելի լավ կլինի, որ պատասխանեն այդ հարցին: Կգա ժամանակը, և թիմն այդ որոշումը կկայացնի»:

Զուրաբյանի խոսքով` նախագահի պաշտոնը լինելու է ներկայացուցչական և առանցքային դեր չի խաղալու, իսկ թե, ամեն դեպքում, ով կարող է լինել վարչապետ, բանախոսը հրաժարվեց պատասխանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում