Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը դրական ազդեցություն կունենա ՀՀ էներգետիկ համակարգի վրա

Հայաստանում տրվեց Երևանի ջերմաէլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը: Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը:

Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա թե ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ թե որակապես նոր աստիճանի բարձրացնելու էլեկտրաէներգիայի ու բնական գազի ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը։ Նոր շոգեգազային ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի՝ RENCO ՍՊԸ-ի կողմից։ «Ծրագիրը նախատեսում է 250 մեգավատտ համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Ֆինանսավորումն ամբողջովին իրականացվում է օտարերկրյա ներդրումների հաշվին՝ առանց պետական պարտքի կամ երաշխիքների։ Պետության միակ պարտավորությունը որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ՝ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Գաբրիելյանը։

Նա հավելեց, որ ընկերությունը կներդնի ներկայում առկա լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները։ Նոր էներգաբլոկը կկառուցվի արդիական, ամենաարդյունավետ տեխնոլոգիայով։ «Եթե մենք քննարկենք մեր էներգետիկ համակարգի օգտակար գործողության գործակիցներն, ապա սա կլինի միակը, որ գազային կայանների շրջանակում ունի 50 տոկոս օգտակար գործողության գործակիցը գերազանցող ցուցանիշ։ Սա կարեւորագույն նոր տեխնոլոգիական նվաճում է, որն անպայմանորեն դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ համակարգի վրա»,- ասաց Գաբրիելյանը:

Երկրորդ էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է 2020-ից, որը կաշխատի լրիվ հզորությամբ՝ մինչեւ պլանավորված ժամկետի ավարտը` ապահովելով Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Այն կկառուցվի Երեւանում գոյություն ունեցող Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, ներդրողը կամբողջացնի եւ կշահագործի համակցված ցիկլի կոնֆիգուրացիայով էլեկտրակայանը պայմանագիրը կնքելուց հետո 25 ամսվա ընթացքում։ Միայն այդ ամիսների ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո՝ ավելի քան 200 մշտական եւ բարձր վարձատրվող աշխատատեղ։ Վաչե Գաբրիելյանի խոսքով` սրանք կարեւորագույն ցուցանիշներ են, որովհետեւ ունենալու ենք լավագույն տեխնոլոգիաները, լավագույն սպասարկումը եւ կայուն աշխատատեղեր։

2019 -ին կավարտվեն նաեւ էլեկտրահաղորդակցման տարածաշրջանային կառուցվածքային շղթաները, ինչը հնարավորություն կտա ներգրավվել նաեւ տարածաշրջանային էներգետիկ շուկայում՝ որպես կարեւոր խաղացող։ «Կարծում եմ՝ այս իրադարձությունը խիստ կարեւոր է նաեւ մասնավոր ներդրումների ներգրավման տեսակետից, որովհետեւ խոշոր՝ մոտ 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կատարվում։ Իսկ այդ չափի ներդրումները զգալի ազդեցություն են ունենում ցանկացած երկրի տնտեսության վրա։ Այս կառույցի բերած օգուտները լինելու են բազմազան եւ տարիների ընթացքում ուղեկցելու են ՀՀ յուր աքանչյուր բնակչի»,– եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության գերակա խնդիր է հռչակված երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը, եւ մեր բոլոր քայլերը նպատակաուղղված են հենց դրան։ «Էներգետիկ անվտանգություն՝ նշանակում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա․ վերջին մեկ տասնամյակում երկրում լայն թափով զարգացում է ստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, եւ այսօր արդեն համակարգում գործում է 330 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փ ոքր ՀԷԿ-երի մի ամբողջ համալիր։ Ավելին, այսօր տրամադրված են արդեն 39 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 74 ՄՎտ հզորությամբ։ Որպեսզի կարողանանք հիմնական շեշտադրումը դնել մեր սեփական էներգառեսուրսների վրա, արդեն ապրիլ ամսին կհայտարարվի 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու արեւային էլեկտրակայանների միջազգային մրցույթը, այնուհետեւ առաջիկա տարիներին ծրագրում ենք նաեւ կառուցել մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ հողմային կայաններ»,- մանրամասնեց Մանուկյանը։

Նրա խոսքով` զարգացնելով այլընտրանքային էներգետիկան, Հայաստանը զարգացնում է երկրի էներգետիկ համակարգում սեփական ռեսուրսների եւ ներուժի օգտագործումը, բայց այլընտրանքային էներգետիկայի աճին զուգահեռ ուղիղ համեմատականորեն երկրում աճում է ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը։ Այլընտրանքային ռեսուրսներով աշխատող էլեկտրակայանները, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երը չեն կարող ծածկել ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը, եւ այստեղ է, որ բացառիկ կարեւորություն է ստանում այնպիսի ավանդական միջոցներով աշխատող էլեկտրակայանը, ինչպիսին է Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որն աշխատում է համակցված շոգեգազային ցիկլով։ «Այն ներկայումս աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ էներգաբլոկ է, որի օգտակար գործողության գործակիցը կհասնի 53 տոկոսի։ Համեմատության համար. Հրազդանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն 33 տոկոս է, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկինը՝ 44 տոկոս, իսկ Երեւանի ՋԷԿ-ի առաջին էներգաբլոկինը, որն առավելագույն հնարավորն է, 49 տոկոս է։ 53 տոկոսի պարագայում այս նոր բլոկի սակագինը համադրելի կլինի ոչ միայն արեւայինի սակագնին, այլեւ, հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, փոքր ՀԷԿ-երի սակագն ին։ Սա նշանակում է, որ մենք կապահովենք երկրի ներքին շուկայում ոչ միայն մրցունակ էլեկտրաէներգիա, այլեւ՝ Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը եւ անվտանգությունը»,– ասաց նախարարը:

Նա հավելեց, որ 2019թ. վերջին շահագործման կհանձնվի Հայաստան-Վրաստան օդային երկշղթա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, նույն ժամանակահատվածում կշահագործվի նաեւ Հայաստան-Իրան միաշղթա երրորդ բարձրավոլտ օդային գիծը։ Այդ պարագայում Հայաստանից արտահանման հնարավոր թողունակությունը կկազմի 1050 ՄՎտ։ «Մեր ամենամեծ ցանկության դեպքում անգամ այլընտրանքային ռեսուրսներով չենք կարող ապահովել նման քանակի էներգիայի արտահանում Հայաստանից՝ հաշվի առնելով հենց միայն սեզոնային գործոնը։ Այստեղ եւս արտահանումը նման ենթակառուցվածքներով կարող ե նք ապահովել բացառապես այնպիսի կայաններով, ինչպիսին է այստեղ կառուցվելիք էներգաբլոկը։ Նույնիսկ արտաքին շուկաներում այս տեխնոլոգիաներով կառուցված էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան կլինի մրցունակ, որովհետեւ բնական գազի ծախսը հասցված է նվազագույնի»,– եզրափակեց Աշոտ Մանուկյանը։

RENCO GROUP-ի մի մաս կազմող Armpower ընկերության նախագահ Ջովանի Ռուբինին հիշեցրեց, որ RENCO-ն Հայաստանում հայտնի է իր երկու գործունեության տեսակով՝ շինարարության եւ հյուրընկալության ոլորտներում ծավալած աշխատանքով։ «Իրականում RENCO ընկերության առանցքային գործունեությունը, որով նա հայտնի է ամբողջ աշխարհում, նավթի, գազի ոլորտն է եւ էներգիայի արտադրությունը։ Այս նախագծի իրականացման շնորհիվ RENCO-ն հնարավորություն ունի Հայաստանում ծավալել իր առանցքային գործունեությունը։ Երկրորդ գործոնն այն է, որ սա ամենամեծ ներդրումն է, որ ընկերությունը կատարում է Հայաստանում․ մենք այստեղ բազում ներդրումներ ենք կատարել, որովհետեւ հավատում ենք Հայաստանի ներուժին ու գիտակցում ենք, որ այստեղ իսկապես հաջողության կհասնենք։ Իսկ սա մեր ամենակարեւոր նախագիծն է․ այն իրենից ներկայացնում է գրեթե 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական պարտավորություն, որի մի մասը կֆինանսավորվի RENCO-ի կողմից իր սեփական ռեսուրսներով, իսկ մյուս մասը՝ միջազգային բանկերի միջոցով»,- ասաց Ռուբինին:

Նրա խոսքով` ծրագրի իրականացման մեջ ներգրավված միջազգային բանկերը շատ մեծ եռանդով են տրամադրված։ Սա նշանակում է, որ նրանք վստահում են RENCO-ին, Հայաստանին ու նախագծին։ Ջովանի Ռուբինին հավելեց, որ բացի այն, որ նոր էներգաբլոկը կնպաստի էներգետիկ պահանջարկի բավարարմանը, այն ստեղծի նաեւ աշխատատեղեր՝ 2,5 մլն մարդ/ժամ կպահանջվի աշխատանքներն իրականացնելու համար, կիրականացվի բարձրորակ աշխատանք։ Դա նաեւ մասնագիտական աճ կապահովի տեղի մասնագետների համար։ Ընկերությունը պարտավորություն է ստանձնում հետեւել բոլոր պայմաններին ու ժամկետներին, այս ծրագրի իրականացման գործում ներդնել այն նույն եռանդը, որ ներդրել են այլ ծրագրերի իրականացման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում