Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը

Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Շատ դրույթներ, քաղաքական կարգավորման հնարավոր կոնֆիգուրացիաներ արդեն ձեւավորված են, եւ դրանք բանակցությունների օրակարգում են: Առայժմ բանակցություններում միասնական կարծիք չկա, գործընթացը բավականին դժվար է առաջ գնում: Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ կարելի է մի քանի պարամետրերի շուրջ առանձին խոսել, նախքան կհաջողվի պայմանավորվածության հասնել դրանց շուրջ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Այսպես է նա պատասխանել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս խորհրդարանականների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին: Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ ասել է, որ հնարավոր չէ Սիրիայում հաշտության գործընթացը պատկերացնել առանց ազգային ինքնավարությունների ստեղծման: Այս հայտարարությունը նա արել է Դամասկոսում, ուր մարտի 20-ին Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ միասին:

Իր կողմից Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը, իսկ իրականացնում է ԱԳ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում