Բլոգերն աշխատում է խուսափել Արցախին վերաբերվող տեղեկատվական պատերազմին մասնակցելուց

«Кавказский Узел» ռուսական կայքի բլոգեր Ալբերտ Ոսկանյանը, ով 2009 թվականից աշխատում է այդտեղ, չի ցանկանում մասնակցություն ունենալ տեղեկատվական պատերազմին, քանի որ նա ներկայացնում է Արցախի և նրա բնակիչների մասին այն ամենը, ինչ-որ կա, իսկ մնացած քննարկումները նրան չեն հետաքրքրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախում անցկացվող բլոգերների ֆորումի ժամանակ Ոսկանյանը նշեց, որ իր ընթերցողներից շատերը ցանկանում են շատ բան իմանալ Արցախի մասին:

«Շատերը մտածում են, որ Արցախում կիսասոված են, կիսամերկ, այստեղ ամեն ինչ քանդված է: Ուզում եմ անկեղծանալ, որ պատերազմի տարիներին նման բան կար, սակայն, փառք Աստծո, այդ ժամանակն անցել է: Ես սկսեցի ներկայացնել Արցախի ժողովրդի կյանքը և իմ ընթերցողների շրջանակն ընդլայնվեց: Նկատեցի, որ մարդիկ սկսել են ավելի հետաքրքրվել Արցախով, նրանք ցանկանում են իմանալ ճշմարտությունը Արցախի մասին»,– ասաց բլոգերը:

Նրա ներկայացմամբ` պատերազմի տարիներին զոհվել են 5 հազար զինվոր, ինչը նշանակում է, որ Արցախում կան աղջիկներ, ովքեր չեն ամուսնանա, քանի որ նրանց պոտենցիալ փեսացուները զոհվել են:

«Ինքնըստինքյան ինձ սկսում է հետաքրքրել տեղեկատվական պատերազմը: Ես դրանից զզվում եմ: Ես աշխատում եմ խուսափել դրանից, քանի որ ներկայացնում եմ այն, ինչ կա, ում հետաքրքրում է, կարդում է, իսկ ում չէ, աշխատում եմ չմիջամտել: Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը: Եթե մարդ չափահաս է, նրան ոչ մի բանով չես համոզի»,-ասաց Ոսկանյանը` ցավով նշելով, որ Արցախում շատ քիչ են բլոգերները: Նրա խոսքով` շատերը չեն հասկանում բլոգերության արժեքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում