ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին ևս քվորում չապահովվեց նիստը սկսելու համար

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը չմեկնարկեց` քվորում չապահովելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մարտի 20-ի նիստը չի կայանա, քանի որ լրացել է գրանցման համար անհրաժեշտ երեք լրացուցիչ ժամը, սակայն քվորում չի ապահովվել: ԱԺ փոխն ախագահը հիշեցրեց, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` մինչև 15:00-ն պետք է հնարավորություն տային պատգամավորներին գրանցվելու համար: «Քվորում այս պահին չկա, ուստի նիստն այսօր չի կայանա»,– հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Մարտի 20-ի առավոտյան նիստին մասնակցելու համար գրանցվել էր 34 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց երեք ժամից ոչ ավելի:

Պատգամավորների մեծ մասը բացակայում էր խորհրդարանի աշխատանքներից, քանի որ մասնակցում է 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում