Սերժ Սարգսյանն ունի լծակներ նորից Ծառուկյանին արգելելու քաղաքականությամբ զբաղվել. Փաշինյան

«Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, քաղաքական որոշ հանգամանքների բերումով անգամ ավելացել են:2015-ին Սերժ Սարգսյանն ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքականությամբ, ինչո՞ւ 2016-ի վերջին կամ 2017-ին նա չունի այդ լծակները, որ արգելի Ծառուկյանին զբաղվել քաղաքականությամբ», – այս մասին Facebook-ի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե ինչո՞ւ այս անգամ Սերժ Սարգսյանն այդ լծակները չի գործադրել,Փաշինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որպեսզի «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ տանի դեպի իրեն: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին դա կարող է ձեռնտու լինել: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին, անհրաժեշտության դեպքում, Գագիկ Ծառուկյանին արգելելու քաղաքականությամբ զբաղվել», – ասաց նա:

Ըստ Ն.Փաշինյանի շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձևավորի Ազգային ժողովում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում