Եվրախորհուրդը Brexit-ի վերաբերյալ ռազմավարությունը կներկայացնի Լոնդոնի ծանուցումից 48 ժամ անց

Եվրախորհրդի նախագահը Brexit-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ ռազմավարության նախագիծը ԵՄ-ի մնացած երկրներին կներկայացնի Լոնդոնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործարկումից հետո 48 ժամվա ընթանցքում ես ռազմավարության նախագիծը կներկայացնեմ մնացած 27 անդամ երկրներին»,-նշել է նա:

Մարտի 20-ին The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին:

Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես է եկել Brexit-ի օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում