Հայաստանում ավելացել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները

2017 թվականի հունվարին Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է շուրջ 607,2 մլն ՀՀ դրամի շինարարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել էր 601,6 մլն դրամի շինարարություն, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվարին դրա ծավալն ավելացել է 4,4 տոկոսով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա հունվարին մեր երկրում համայնքների միջոցների հաշվին իրականացվել է 5,1 մլն դրամի շինարարություն, իսկ 2016 թվականի հունվարին` 25 մլն դրամի: Անկումը կազմել է 78,9 տոկոս: Այս տարվա հունվարին միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 966,1 մլն դրամի շինարարություն, իսկ նախորդ տարվա հունվարին` 4 մլրդ 122,1 մլն դրամի: Այս տարվա հունվարի անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 75,8 տոկոս: Սակայն այդ թվում 69,5 տոկոսով ավելացել է Համաշխարհային բանկի միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալը:

Հարկ է նաև նշել, որ 2017 թվականի հունվարին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 14,8%:

Զգալի նվազել է նաև մարդասիրական միջոցների կողմից իրականացվող շինարարության ծավալը: Անկումը կազմել է 56,6 տոկոս: Այս տարվա հունվարին այն կազմել էր 4,2 մլն դրամի, իսկ 2016-ի հունվարին` 10 մլն:

Միևնույն ժամանակ կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարությունը կազմել է 4 մլրդ 308,5 մլն դրամ, իսկ 2016 թվականի հունվարին` 1 մլրդ 999,3 մլն դրամ: Այս տրվա հունվարին դրա ծավալն ավելացել է 2,2 անգամ: Այդ թվում օտաերկրյա ներդրողների միջոցների հաշվին իրկանացվել է 543,5 մլն դրամի շինանարություն, նախորդ տարվա հունվարի 124,9 մլն դրամի ցուցանիշի համեմատ աճը կազմել է շուրջ 4,5 անգամ:

2017 թվականի հունավարին Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացվել է 1 մլրդ 665,1 մլն դրամի շինարարություն, իսկ 2016-ի հունվարին` 1 մլրդ 489,6 մլն դրամի: Ասյ տարվա հունվարի աճը կազմել է 15,6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում