Մյուս ուժերը երջանիկ կլինեին, եթե հասարակությունը որոշակի ակնկալիքներ ունենար իրենցից

«Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածը հիմնականում այն մարդիկ են, ովքեր դրական ակնկալիքներ ունեն նրանից:

Այսօր «Հայացք» մամուլի աոկումբում տեղի ունեցած ասուլիսին հնչած տեսակետին ի պատասխան` դաշինքի ներկայացուցիչ Ա. Զուրաբյանն ասաց. «ՀՀԿ-ն, ինչպես նաև մյուս ուժերը, շատ երջանիկ կլինեն, եթե հասարակությունը որոշակի ակնկալիքներ ունենար իրենցից: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, նա տարին 365 օր աշխատում է, այնպես չէ, թե նա միայն նախընտրական փուլում է բարեգործությամբ զբաղվում»:

Իսկ իր` «Ծառուկյան» դաշինքին միանալու պատճառը Զուրաբյանը կապեց նրա գործունեության նախանշած ուղղության` մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու հետ: Բանախոսը դաշինքի նախընտրական ծրագրի 15 դրույթներից առանձնացրեց ՓՄՁ-ներին տրվելիք հարկային արտոնության մասին դրույթը. «ՀՀ բյուջեի 1.2-1.3 տոկոսն է, որ գոյանում է ՓՄՁ-ների հարկերից, մինչդեռ նրանց հարկային բեռից որոշ ժամանակով ազատելու դեպքում` մի քանի տասնյակ հազար մարդկանց ահագին օգնած կլինենք»: Զուրաբյանը հավաստիացրեց, որ եթե դաշինքի ծրագիրը չընթանա իր պատկերացրած ճանապարհով, ապա ինքը նույն պահին վայր կդնի մանդատը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` ընտրակաշառքների միջոցով անհրաժեշտ տոկոս ապահովելու ՀՀԿ-ի հնարավորության մասին, Զուրաբյանը հակադարձեց. «Հետհաշվարկ անելով` նշենք` ընտրակաշառքը եթե որոշիչ գործոն լիներ, ապա Սերժ Սարգսյանը երբեք մտահոգություն չէր ունենա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են հաղթել իրեն: Ընտրակաշառքը ՀՀ-ում երբեք որոշիչ գործոն չի եղել»:

Այդուհանդերձ, բանախոսը ընդունում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի գլխավոր մրցակիցն է, որն իշխանությունը հեշտությամբ որևէ մեկին չի զիջի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում