Փաշինյանը կոչ է անում երկրում քաղաքական իրավիճակի երկարաժամկետ փոփոխության համար քվեարկել «Ելք»-ի օգտին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչների հետ: Քաղաքացիների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունը ժողովրդի ձեռքերում է, և ապրիլի 2-ին հենց ժողովուրդն է որոշում կայացնելու: «Մեզ շատ են ասում` հույս ունենք ընտրությունների արդյունքում մի բան կլինի, բայց որոշումը ձերն է: Եթե դուք չմասնակցեք ընտրությանը կամ մասնակցեք ու քվեարկեք իշխող ուժի և նրա հետ կոալիցիա կազմած ուժերի օգտին, ոչինչ չի փոխվելու: Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ տարբերակը մեր դաշինքի օգտին քվեարկելն է»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ չկա ընտրություններին մասնակցող քաղաքական մեկ այլ ուժ, որի օգտին քվեարկելով հնարավոր կլինի Հայաստանում երկարաժամկետ առումով քաղաքական իրավիճակ փոխել: «Կարող եք փոխել 2 կամ 3 օրով, բայց երկարաժամկետ առումով փոփոխություններ տեսնելու համար քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Մեր դաշինքը ռազմավարական տեսլական ունեցող դաշինք է ու այն քաղաքական ուժն է, որը Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու: Մենք այսպիսի միակ ուժն ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ մնացած ուժերը համագործակցել, համագործակցում և համագործակցելու են իշխող կուսակցության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում