Թուրքիայում ձերբակալել են Բեռլինում կատարված ահաբեկչության մեջ կասկածվող 3 անձի

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել է Գերմանիայի 3 քաղաքացիների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ձերբակալվածները կասկածվում են 2016-ի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կատարված ահաբեկչության կազմակերպման մեջ:

Բեռլինի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել էր:

Ահաբեկչությունն ուղղակիորեն իրականացվել էր թունիսցի 24-ամյա Անիս Ամրիի կողմից, ով հետագայում Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է:

Ամրիի հեռախոսում հայտնաբերվել էր 5 անուն, որոնք ենթադրաբար մեղսակից էին Ամրիին:

Գերմանական ոստիկանությունը պարզել էր, որ կասկածյալներից 4-ը թաքնվում են Թուրքիայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում