Գարո Փայլանը պատրիարքի ընտրության գործում պետության միջամտության հարցով գրություն է ուղարկել ՆԳՆ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել` կապված Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններում նահանգապետարանի միջամտության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցադրման մեջ ասվում է. «Հայ համայնքի ներսում պատրիարք ընտրելու գործընթացի մեկնարկի շուրջ համաձայնության առկայության պարագայում ո՞րն է նման միջամտության հիմնավորումը:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ինը տարի է` չի կարողանում պաշտոնավարել:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու նպատակով, համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության և Լոզանի պայմանագրի, 2017 թվականի մարտի 15-ին անցկացված ընտրության արդյունքում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ընտրել են տեղապահ:

Ընտրությունից անմիջապես հետո «ՇՏԱՊ» վերտառությամբ Ստամբուլի նահանգապետարանի իրավական բաժնի տնօրինությունից փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ «Տեղապահի ընտրություն» անունով մի նամակ փոխանցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանին: Այդ գրությունը հայ համայնքի ներսում մեծ զարմանքով ընդունվեց և որակվեց որպես միջամտություն արդեն կատարված ընտրությանը:

Այդ գրությունը ո՞ր օրենքի հիման վրա է գրվել, հրահանգն ու՞մ կողմից է տրվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում