Վրաստանում «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունները կանցկացվեն հուլիսին

«Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: 

ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինվորականներն արդեն գտնվում են Վրաստանում եւ վարժանքների պլանավորման աշխատանք են տանում: Վրացի զինծառայողները տարբեր երկրների իրենց գործընկերների հետ քննարկել են Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում զորավարժությունների անցկացման մանրամասների հետ կապված հարցերը:

«Պլանավորման աշխատանքները շարունակվում են մեկ շաբաթ: Դա ապագա համատեղ զորավարժությունների անցկացման հիմքն է, որոնց կմասնակցի 11 երկիր: Պլանավորման համանման գործընթաց կանցկացվի նաեւ մայիսին… Վարժանքները տեղի կունենան, մոտավորապես, հուլիսի վերջին»,- ասել է զորավարժությունների ղեկավար, Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արեւելյան հրամանատարության ղեկավար Շավլեգո Թաբաթաձեն: Այս տարի վարժանքները կլինեն ամենածավալունը: Բացի վրացի զինվորականներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 10 երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի զինծառայողները:

Առաջիկա բազմազգ զորավարժությունների նպատակը լինելու է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացումը, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ստորաբաժանումների հետ համատեղելիության բարձրացումը, տարածաշրջանային եւ միասնական գործընկերային հնարավորությունների ձեւավորումը եւ զարգացումը, ինչպես նաեւ լոգիստիկական եւ օպերատիվ պլանավորման ու կատարման ասպեկտի բարելավումը, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում