ՀՀԿ-ն առաջնորդվում է ոչ թե խոստումներով, այլ կատարած աշխատանքով. Տարոն Մարգարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջնորդվում է ոչ թե խոստումներով, այլ կատարած աշխատանքով: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը:

«Մենք առաջնորդվում ենք նախկինում մեր կատարած աշխատանքով: Այդ ամենը հանրությանը լավ ներկայացնելու, այդ ուղղությամբ լավ աշխատանք կատարելու արդյունքում, կարծում եմ, կկարողանանք հաջողության հասնել»,- ասաց Մարգարյանը:

Հարցին` ինչպե՞ս են պատրաստվում մրցակցել մյուս քաղաքական ուժերի հետ, որոնք խոստումներ են տալիս թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին, նա պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ մենք խոստումներ չենք տալիս: Մենք ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով ու տեսլականով: Մենք ներկայանում ենք ծրագրերով, որոնց իրականացման համար հիմքերն արդեն ստեղծված են: Շատերը կարող են խոստումներ տալ, բայց եթե մենք ըստ տրամաբանության նայենք դրանց, կտեսնենք, որ դրանք իրատեսական չեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում