Ոստիկանապետը հրահանգել է առավելագույնն անել ընտրություններին կարգի պահպանման համար

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային վարչությունների պետերն ու տեղակալները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավե լելով. «Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը:

Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև գործնական պարապմունքների միջոցով «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթներին տիրապետելու և դրանց լիարժեք կիրառման անհրաժեշտությանը:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչը հնարավոր է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման, թերացումները բացառելու դեպքում:

Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ոլորտների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում