Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու է խփել

Դամասկոսը հայտարարում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել Էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ: 

Սիրիական կողմը պնդում է, որ ապարատը խփվել է այն բանից հատո, երբ խախտել է երկրի օդային տարածությունը:

Իսրայելի բանակը հաստատել է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում: «Տակտիկական անօդաչու թռչող սարքը կորսվել է, պատահարի հանգամանքները պարզվում են»,– նշել են բանակի մամուլի ծառայությունում:

Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում է, որ անօդաչուն իրոք ընկել է, բայց չի խփվել:

Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70-ական թվականներից գտնվում է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-ի ուժերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում