ԱՄՆ-ում մի շարք ավիաընկերությունների չվերթերում կարգելեն Էլեկտրոնային սարքերը

ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ Էլեկտրոնային սարքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Նրանց խոսքով՝ դա թելադրված է հակաահաբեկչական անվտանգության նկատառումներով: 

Պետական պաշտոնյաները ճշտել են, որ նոր կանոնները կվերաբերեն շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերությունների, որոնք թռիչքներ են կատարում մի շարք երկրներից, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանից: Դրանց թվում կլինեն այն փոխադրողները, որոնք բազավորված են Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում, այլ ճշտումներ առայժմ չեն հետեւել:

Արգելքը կտարածվի այն սարքերի վրա, որոնք չափերով ավելի մեծ են, քան բջջային հեռախոսը: Այնպիսի իրեր, ինչպիսիք են պլանշետները, նոութբուքերը եւ խցիկները, կարելի է փոխադրել սոսկ ստուգում անցած ուղեբեռում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում