Թրամփը եւ Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում

Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ: 

«Ղեկավարները պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը եւ Իրաքը կշարունակեն երկարաժամկետ գործընկերությունը՝ նպատակ ունենալով ամենայն վճռականությամբ արմատախիլ անել ահաբեկչությունը երկրում, ամրապնդել իրաքյան զինված ուժերը եւ մյուս հանգուցային ինստիտուտները»,- նշվում է փաստաթղթում:

«Թեեւ ԻՊ-ն վտանգավոր հակառակորդ Է մնում, մենք համոզված ենք, որ խմբավորումը կջախջախվի»,– ասված է հայտարարության տեքստում:

Բացի այդ, առաջիկա ամիսների ընթացքում Վաշինգտոնը եւ Բաղդադը կոնսուլտացիաներ են անցկացնելու առեւտրական կապերի ամրապնդման, ներդրումների իրականացման, Էներգետիկական հատվածում համատեղ աշխատանքի ընդլայնման հարցերի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում