Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է Դանիայի ԱԳՆ

Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է Դանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:

Թուրքական ծագում ունեցող դանիացի գործիչները սկսել են անանուն սպառնալիքներ ստանալ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այդ երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի հասցեին հանդես են եկել քննադատական հայտարարություններով:

Սպառնալիքներ հնչեցրած անձինք հայտարարել են, որ Էրդողանի քննադատներին համարում են դավաճաններ և նրանց մասին տեղեկությունները հաղորդելու են թուրքական իշխանություններին, որոնք իբր «սև ցուցակներ» են կազմում վարչակարգի` արտերկրում բնակվող ընդդիմադիրների դեմ:

Թուրքիայի գործերի հավատարմատարին է ներկայացվել Դանիայի արտգործնախարարության և կառավարության տեսակետը: Հավատարմատարը հայտնել է, թե թուրքական իշխանությունները չեն խրախուսում լրտեսությունը, չեն հավաքում տեղեկություն իրենց քննադատների վերաբերյալ, իսկ «սև ցուցակ» գոյություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում