WCFDavos/Yerevan. Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» ֆորումը

Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով՝ WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող միջոցառումը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես եկավ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը: «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է: Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստացի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբան ությունները և դրանց հետ կապված հույզերը: Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը: Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաղաթելյանը:

Դիմելով օտարերկրյա գործընկերներին և ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: «Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու միաժամանակ տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չգան: Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը լրատվամիջոցների և նոր հարթակների միջոցով»,- եզրափակեց Արա Սաղաթելյանը:

Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները: «Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնևում՝ լինելով ավելի երկար և ինտենսիվ: Շատ ոգևորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցան? ? ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպել նաև Երևանում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մեր ընտանիքի անդամ է արդեն 9 տարի և շատ ուրախ ենք, որ համագործակցությամբ կփորձենք ընդլայնել մեր ընտանիքի սահմանները՝ այնտեղ ներգրավելով Հայաստանում ոլորտի այլ առաջատար փորձագետների և կազմակերպությունների»,– ասաց Դուբեյկովսկայան:

Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են 5 հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցում են ինչպես ոլորտային առաջատար մասնագետներ Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում