Հայաստանցի արտադրողն իր արտադրանքը պետք է անարգել ներկայացնի ԱՊՀ անդամ բոլոր երկրներում. Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ Քիշնևում Արտակ Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստ: Մինչ մասնակից երկրների տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրներին անդրադառնալը, ներկայացվել են նախորդ ամիսների կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը: ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների նիստում կարևորվել է Հանձն աժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդիրը: Բոլոր երկրների կողմից միաձայն ընդունվել է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը:

«Մեր նպատակն այն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով և անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և գոհունակությամբ եմ նշում, որ մեր հետևողական աշխատանքի և համագործակցության արդյունքում այսօր արդեն մեր սեղանին է կանոնագիրքը, որն այսուհետ մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունը կդնի առավել բարեկիրթ և, ինչը շատ կարևոր է, իրավական հիմքի վրա: ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առևտրային ցանցերի և հայ արտադրողների միջև սկիզբ դրված և այսօր արդեն հաջողությամբ զարգացող և ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարևորվում է»:

Շաբոյանը ընդգծել է նաև, որ հայ արտադրողները հավասար պայմաններով մրցակցում են ԵԱՏՄ անդամ երկրներում և ուրախալի է, որ մեր արտադրանքը կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի, հյութերի, դեղագործության և տասնյակ այլ ոլորտներում մրցունակ ու պահանջարկված է նաև արտերկրում:

ՏՄՊՊՀ նախագահը մասնակից երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաև պարտադիր լիցենզավորման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների շահերի պաշտպանությանը:

«Մեզ բողոքով դիմել են նաև ոչ տեղական հեռուստաալիքների վերահեռարձակմամբ զբաղվող, ինչպես նաև շահումով խաղեր կազմակերպող մի քանի ընկերություններ՝ տեղեկացնելով, որ օրենքի դաշտում աշխատելու համար իրենք պարտադիր կերպով լիցենզավորվում են, բավականին մեծ չափերի հասնող պետտուրք են վճարում, սակայն վերջերս հայտնվել են մրցակիցներ, որոնք, շրջանցելով օրենքը, ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով կարողանում են օնլայն մատուցել նույն ծառայությունները: Ստացվում է, որ վերջիններս աշխատելով հարկային դաշտից դուրս՝ մրցակցային առավելություն են ստանում ի րենց գործընկերների հանդեպ»:

Ներկայացնելով խնդիրը՝ Շաբոյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ մրցակցային մարմինը ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների հետ՝ հնարավոր լուծման տարբերակներ գտնելու և նման անբարեխիղճ ճանապարհով գործող տնտեսավարողների կողմից ստեղծված կայքերը արգելափակելու ուղղությամբ:

Ըստ Շաբոյանի, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պետք է համատեղ ջանքերով հասնեն նման խնդիրների լուծմանը, քանի որ անընդհատ զարգացող ինտերնետ տեխնոլոգիաների պարագայում բարձրացված խնդիրները արդիական են բոլոր երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում