Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել է մասնակցությունը Ժնեւի բանակցություններին

Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՄԱԿ-ում:

ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնեւում պլանավորված է մարտի 23-ին: Ինչպես սպասվում է, բանակցությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը:

Ինչպես հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին, հրավիրված բոլոր կողմերը, որոնք մասնակցել են բանակցությունների՝ փետրվարին կայացած նախորդ փուլին, հաստատել են իրենց մասնակցությունը:

Բանակցությունների մասնակիցները քննարկելու են Սիրիայի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, ընտրությունները եւ հակաահաբեկչական միջոցառումները:

Նախքան բանակցությունների սկսվելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր Ռիադ եւ Անկարա՝ համաձայնեցնելու հանդիպման մանրամասները:

Ինչպես նշում Է BBC-ն, բանակցությունների նախապատրաստումն ընթանում է Դամասկոսի արեւելյան շրջաններում տեղի ունեցող մարտերի ֆոնին: Դրանք շարունակվում են արդեն մի քանի օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում