Շոտլանդիայի առաջին նախարարը հորդորել է տեղի խորհրդարանին պաշտպանել անկախության հանրաքվեն

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դիմել է շոտլանդական խորհրդարանին՝ հորդորելով պաշտպանել Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու շուրջ եւս մեկ հանրաքվե անցացնելու նախաձեռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել է Associated Press գործակալությունը: 

«Միացյալ Թագավորության կազմում մնալու որոշումը չերաշխավորեց Շոտլանդիայի տեղը Եվրոպայում, այլ սպառնալիքի տակ դրեց այն»,- հայտարարել է նա:

Ստերջենի կարծիքով՝ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը էապես փոխում է իրադրությունը երկրում, հատկապես, եթե հաշվի առնվի այն, որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել Brexit-ին:

Գործակալությունը նշում է, որ Շոտլանդիայի խորհրդարանն, ինչպես սպասվում է, մարտի 22-ին քվեարկելու է այն հարցի շուրջ, թե արժե արդյոք պաշտպանել Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման Ստերջեն պլանները:

Ավելի վաղ Ստերջենը հայտարարում էր, որ մտադիր է ուժեղացնել ճնշումը Մեծ Բրիտանիայի կառավարության վրա եւ հասնել Շոտլանդիայի անկախության եւս մեկ հանրաքվեի անցկացման:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ հանրաքվեի անցակացմանը դեմ են շոտլանդացի լեյբորիստները, լիբերալ դեմոկրատները եւ պահպանողականները, իսկ նախաձեռնությունը պաշտպանում են Շոտլանդիայի ազգային կուսակցությունը եւ «կանաչները»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ: Նա քննադատել է Էդինբուրգում կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցության դիրքորոշումը, որը հանդես է եկել որպես նոր հանրահարցման նախաձեռնող:

«ՇԱԿ-ը փորձում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը ստիպել՝ համաձայնելու այն բանին, ինչը խորապես անարդար է Շոտլանդիայի ժողովրդի նկատմամբ: Նա ցանկանում է շոտլանդացիներին խնդրել՝ կարեւորագույն որոշում ընդունել անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Նրանք չեն իմանա, թե ինչ է իրենից ներկայացնելու ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի նոր գործընկերությունը, եւ որը կարող է լինել անկախ Շոտլանդիայի այլընտրանքը: Դա պարզապես անազնիվ կլիներ»,-կարծում է Մեյը:

Վարչապետն ընդգծել է, թե ինքը ՇԱԿ-ի հետ համաձայն չէ այն բանում, որ այժմ հարմար ժամանակ է անկախության հանրաքվեի թեման քննարկելու համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն իրավիճակում, երբ բոլոր ջանքերն առաջիկայում պետք է կենտրոնացվեն Brexit-ի պայմանների շուրջ ԵՄ-ի իշխանությունների հետ բանակցությունների վրա, Էդինբուրգի կողմից առաջարկված մոտեցումը կարող է, ընդհակառակը, խանգարել Լոնդոնին՝ արդարացի համաձայնության հասնել թե՛ Շոտլանդիայի, թե՛ ամբողջ Մեծ Բրիտանիայի համար: Ուստի հանրահարցման անցկացումը «այն չէ, ինչին հիմնավորված կարող է համաձայնել ցանկացած պատասխանատու կառավարություն»,-արձանագրել է Մեյը:

Նրա համոզմամբ՝ Միացյալ Թագավորության մեջ մտնող պետությունների դաշինքը, որոնք միասին են ապրում արդեն ավելի քան երեք հարյուրամյակ, «առավել հաջողակն է նրանցից, որը տեսել է այս աշխարհը»: «Մենք միասին ենք աշխատել, միասին ենք բարգավաճել, միասին պատերազմներ մղել: Եվ ես հավատում եմ, որ մենք մեծ ապագա ունենք»,-ասել է վարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում