Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը Ֆրանսիայի նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման հրապարակված արդյունքները, որն անցկացրել է Elabe սոցիոլոգիական ծառայությունը:

Եթե կայանար ընտրությունների առաջին փուլը, Մակրոնը կհավաքեր ձայների 26 տոկոսը, մինչդեռ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը կստանար միայն 24,5 տոկոսը: Այսպիսով, Մակրոնն իր արդյունքը բանավեճերի սկսվելուց առաջ մարտի 20-ին անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ բարելավել է 0,5 տոկոսով: Նոր տվյալների համաձայն, նախկին նախարարը առաջատարի դիրքը պահպանում է նաեւ երկրորդ փուլում, որտեղ հավաքում է 64 տոկոս՝ Լե Պենի օգտին ձայների 36 տոկոսի դիմաց: Elabe-ի՝ մարտի 21-ին անցկացված մեկ այլ հարցում ցույց է տվել, որ բանավեճերին հետե ւած հեռուստադիտողները նախկին նախարարին առավել համոզիչ են համարել քննարկումների հինգ մասնակիցների թվում:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուներն առաջին հեռուստաբանավեճերն անցկացրել են մարտի 20-ի երեկոյան: Բանավեճը, որի ընթացքում քննարկվել են երկրի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի հիմնական հարցերը, դիտել են միլիոնավոր ընտրողներ: Իրենց տեսակետները հեռուստադիտողներին շարադրել են Մակրոնը, լե Պենը, ինչպես նաեւ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ ձախ քաղաքական թեւի ներկայացուցիչներ՝ սոցիալիստ Բենուա Ամոնը եւ «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում