Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը. Էդուարդ Շարմազանով

«Մենք խաղաղությանը դեմ չենք և պատրաստ ենք սատարել Մինսկի խմբի արդար ջանքերին: Մենք ի տարբերություն Ադրբեջանի ատելություն, ապակառուցողականություն չենք քարոզում: Այն, որ բանակցությունները առաջընթաց չեն ապահովում, խնդիրը Ադրբեջանի մեջ է: Հայկական կողմը երբեք չի մերժել բանակցային սկզբունքները»,- այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Պրն. Շարմազանով երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծի միջազգային հարությունը: Դուք ինչպե՞ս եք մոտենում այս հարցին, միջազգային հանրությունն է լուծելու խնդիրը, թե՞ այն ուղղակի միջնորդ է:

-Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները Արցախի հետ կապված պարզ են եղել մինչև այս էլ ,առաջին նախագահը հստակ ներկայացրել է, թե՛ նախկին փուլում, թե՛ այս փուլում փաստաթղթի հետ կապված: Մենք մեր կարծիքը անկախ ամեն ինչից շատ հստակ ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագրում:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի, բացառապես Արցախի բնակչության կողմից,այսինքն Արցախի ժողովուրդը պետք է որոշիր իր կարգավիճակը: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու:

Մենք սատարաում ենք խնդիրը արդար լուծմանը միտված, խաղաղ բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին, այսինքն մենք ընդունում ենք խնդրի լուծումը բացառապես 3 սկզբունքների հիման վրա: Ավելին մենք գտնում ենք, որ դրա հետ զուգահեռ պետք է կատարելագործենք մեր անվտանգության համակարգը, որպեսզի Ադրբեջանի նմանատիպ լկտի, ագրեսոր գործողությունների ընթացքին կարողանանք դիմակայել: Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսի Արցախի Հանրապետությունը լինի բանակցային լիարժեք կողմ:

-Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը իջեցնում է տարածքային խնդրի մակարդակին՝ շրջանցելով ազգերի ինքնորոշման իրավունքի նորմերը: Իսկ դուք ինչպե՞ս եք մոտենում այդ խնդրին: Սա տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՞ Արցախի ինքնորոշման իրավունք:

-Ես չեմ կարծում, որ առաջին նախագահը շրջանցեց ինքնորոշման իրավունքի նորմերը, որովհետև շատ հստակ իր հարցազրույցում նշեց, որ ինքը պաշտպանում է այս փաստաթուղթը, որտեղ չի կարող մի սկզբունքը մեկ սկզբունքից ավելի վեր լինել: Սրանք երեք հավասարազոր սկզբունքներ են, և բնականաբար խնդրի հիմքը պետք է լինի պատճառների վերացումը, իսկ պատճառը այն է , որ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Բանակցությունների խնդիրը պետք է լինի, որպեսզի հայկական կողմերը կարողանան հասնել այն հաջողության, որ միջնորդները դա ընդունեն: Առանց խնդրի պատճառները վերացնելու, մենք չենք կարող փոխել հետևանքները:

-Պրն. Շարմազանով, որո՞նք են առաջին Նախագահի այն կարևորագույն թեզերը, որոնց հետ համաձայն չեք:

-Նախ, Տեր-Պետրոսյանը ինքը իր թեզերի մասին չէր խոսում, ինքը խոսում էր փաստաթղթից: Հիմնական թեզը, որի հետ համաձայն չենք, մենք միշտ ասել ենք, խնդիրը ո՛չ համանախագահների մեջ է, և ո՛չ էլ հայկական կողմի. խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների մեջ է: Հիմնական թեզը, սա է:

Մենք ի տարբերություն Ադրբեջանի ատելություն, ապակառուցողականություն չենք քարոզում: Ավելին, ապրիլյան պատերազմից հետո Լավրովը հատարարեց, որ մենք չենք հրաժարվել Կազանից, այլ հրաժարվողը եղել է Ադրբեջանը: Իսկ այն, որ բանակցությունները առաջընթաց չեն ապահովում, խնդիրը Ադրբեջանի մեջ է: Ադրբեջանն է հրաժարվել ստորագրել Կազանյան փաստաթուղթը, Ադրբեջանը այսօր էլ հրաժարվում է իրագործել Վիենայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Իսկ ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանին, նա երեկ չէր խոսում իր կարծիքի մասին, ինչքանով, որ ես հասկացա առաջին նախագահը խոսում էր ներկա փաստաթղթի մասին, և ներկա փաստաթղթի մասին մարդը արտահայտեց իր կարծիքը: Խնդրի առանցքը Արցախի կարգավիճակի որոշումն է Արցախի ժողովրդի կողմից: Սա այն հարցն է, որտեղ մենք միակողմանի որևէ զիջման չենք գնալու : Ադրբեջանը այս պահին պատրաստ չէ, եթե Ադրբեջանը փոխզիջում արել է, ապա ո՞րն է այդ փոխզիջումը:

Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Սա է այն առանցքը, որից այն կողմ Հայաստաի հանրապետական կուսակցությունը որևէ քայլ չի կատարել:

Զրուցեց՝ Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում