Արթուր Բաղդասարյանը խոստանում է հաջողության հասնելու դեպքում արագ կյանքի կոչել ՀՎԿ ծրագրի բոլոր դրույթները

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կարևորությունը: Գյումրիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Հարգելի հայրենակիցներ, դուք եք ձեր քվեի տերը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք չենք ընտրում «թաղի տղաների» , մենք չենք ընտրում ժողովրդի խնդիրներին անհաղորդ մարդկանց, ովքեր 25 տարի Ազգային ժողովում են ու այդ ընթացքում 20 բառ չեն արտասանել: Մենք ընտրում ենք երկրի իշխանություններին առաջիկա 5 տարիների համար և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք մեր երկրի համար կարևորագույն այս հարցին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա գյումրեցիներին խոստացավ ընտրություններում հաջողության հասնելու պարագայում շատ արագ կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագիրը, որով բարեփոխումներ են նախատեսվում բոլոր ոլորտներում: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջարկում են կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, առաջարկում են 3 տարվա ընթացքում Հայաստանում նվազագույն աշխատավարձը հասցնել 100 հազար դրամի: «Մենք առաջարկում ենք ավելացնել խաղատնային բիզենսի հարկերը, արգելել 18 տարեկան երիտասարդների մուտքը խաղատներ, որովհետև դրա հետևանքով այսօր ընտանիքներ ե ն քանդվում»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՎԿ առաջնորդը հավելեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա պետության գերակա խնդիրը: Պետությունը պետք է ակտիվորեն մասնակցի աշխատատեղերի ստեղծմանը, պետք է զարկ տա փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում