Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում է ունեցել Սիսիանի բնակիչների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը մարտի 22-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակիչների հետ:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ լավ տեղյակ է հանրապետության բոլոր մարզերում առկա խնդիրներին, գիտի նաև դրանց լուծման ճանապարհները, որոնք արտահայտված են դաշինքի նախընտրական ծրագրում: «Բոլոր խնդիրներին տիրապետում ենք, հասկանում ենք, որ երկրում ծանր վիճակ է, մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու: Դրա համար մենք, գնահատելով ժողովրդի վիճակը և պետության հնարավորությունները, ֆիքսել ենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար, որպեսզի ժողովուրդն էլ իր վրա զգա փոփոխությունները»,- նշեց Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկել են առաջնահերթ 15 կետ, որոնք իրականություն են դարձնելու հաջողության հասնելու դեպքում: Ծառուկյանը կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծումը՝ նկատելով, որ առանց դրա տնտեսության նկատելի աճ չի կարող լինել:

ԲՀԿ առաջնորդը գտնում է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանի տարբեր բնակավայրերում աշխատած գործարանները պետք է վերազինվեն և աշխատեն, որպեսզի լուծվեն մարզերում մարդկանց զբաղվածության խնդիրները: «Այն մարդիկ, ովքեր գնել են այդ գործարանները ու ոչինչ չեն անում, պետք է տան դա նրանց, ովքեր կարող են դրանք վերագործարկել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում