Սամվել Բաբայանին ձերբակալել են (տեսանյութ)

hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից խոստացան ուշ պարզաբանել: Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները տեղյակ չէին ձերբակալության մասին, մեզնից լսելով այդ լուրը՝ խիստ զարմացան: Սամվել Բաբայանի հեռախոսն էլ անհասանելի է:

 Ի դեպ, քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի  Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։    Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի
(ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց
հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող  մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ հենց այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, գրում է «Հրապարակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում