Հայաստանը աշխարհի 188 երկրների թվում 84-րդ տեղն Է զբաղեցրել ՄԱԿ-ի մարդկային զարգացման վարկանիշում

Հայաստանը աշխարհի 188 երկրների շարքում 84-րդ տեղն է զբաղեցրել Մարդկային զարգացման ինդեքսում, որը 2016 թվականի արդյունքներով կազմվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի կայքին, մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ զեկույցը մարտի 21-ին ներկայացվել է Ստոկհոլմում: 

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետեւյալ չափորոշիչները՝ մարդկանց կյանքի տեւողությունը, բնակչության կրթության մակարդակը, բնակչության մեկ շնչին ընկնող համազգային համախառն եկամուտը, սոցիալական պաշտպանվածության մակարդակը, առողջապահությունը, հանցավորության մակարդակը, շրջակա միջավայրի պահպանությունը եւ այլ գործոններ:

Զեկույցի հաձաձայն, մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նորվեգիայում, Ավստրալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Դանիայում: ԱՄՆ-ը տասներորդ տեղում է, Ռուսաստանը՝ 49-րդ, Բելառուսը՝ 52-րդ, Ղազախստանը՝ 56-րդ: Հայաստանն ու Ուկրաինան բաժանել են վարկանիշի 84-րդ դիրքը:

Վարկանիշի վերջին հորիզոնականներն զբաղեցրել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Նիգերը եւ Չադը:

Զեկույցում նշվում է, որ 1990-2015 թվականներին աշխարհի բոլոր տարածաշրջաններում «մարդկային զարգացման» միջին ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են, սակայն մեր մոլորակի բնակչության մեկ երրորդը դեռեւս ապրում է նվազագույն թույլատրելի մակարդակից ցած պայմաններում: Զեկույցի հեղինակները նշել են, որ աղքատությունը միայն զարգացող երկրների խնդիրը չէ. արդյունաբերապես զարգացած պետություններում ավելի քան 300 մլն մարդ ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում: Առանձնապես ծանր վիճակում են հայտնվել բնակչության խոցելի խմբերը՝ կանայք ու աղջիկները, գյուղաբնակները, Էթնիկական ու սեռական փոքրամասնությունները, հաշմանդամները, միգրանտներն ու փախստականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում