Նախարարն անիրատեսական է համարում կուսակցությունների և դաշինքների տնտեսական ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարն իրագործման առումով անիրատեսական է համարում ընտրական քարոզարշավին կուսակցությունների և դաշինքների կողմից նախընտրական ծրագրերում ներկայացված սոցիալական խնդիրների լուծման քայլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ մի շարք ծրագրերում առանձնացված են գյուղատնտեսության և ՓՄՁ -ների աջակցմանն ուղղված քայլեր, որոնք իշխանությունն արդեն իսկ իրականացնում է: Նրա կարծիքով` ընտրական քարոզարշավին կուսակցությունները և դաշինքներն ասում են, որ իրենք կարող են ավելի լավ արդյունքներ ունենալ, քան ներկայիս իշխանությունները:

«Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր թիմը չունի ռացիոնալ վարքագիծ և մտածելակերպ, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում կարողանայինք նրանց առաջարկածներն իրականացնել` ավելի բարձր քվեներ հավաքագրելու համար: Հնչում են թեզեր, որ նվազագույն աշխատավարձը հարկավոր է բարձրացնել: Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ պետք է բոլոր աշխատավարձերը ճշտվեն` հնարավոր չէ ցածր որակավորում ունեցող, նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողինը բարձրացնել այնքան, որ հավասարվի նրանից բարձր որակավորում ունեցողի աշխատավարձին: 2017 թվականին ծրագրել ենք բյուջեից 446 մլրդ դրամ աշխատավարձ հատկացնել: Եթե նվազագույն աշխատավարձը` 55 հազարը դարձնենք 100 հազար, ապա աճը կկազմի շուրջ 60 տոկոս, իսկ եթե 446 մլրդ դրամը 60 տոկոսով բարձրացնենք, այն ավելի քան 340 մլրդ դրամի պահանջ կառաջացնի բյուջեում»,– նշեց նախարարը` ընդգծելով, որ այդ ամենին նաև զուգակցվում է թոշակների՝ 25 հազարով բարձրացման պահանջը, ինչի համար նախատեսված 230 մլրդ դրամին ավելանում է նաև 120 մլրդ դրամի չափով լրացուցիչ բեռ:

Արամյանի հավաստմամբ` ՌԴ-ի և Ղազախստանի հետ թոշակների համեմատության դեպքում Հայաստանը հաղթող է, քանի որ ՌԴ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն երեք անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը, իսկ Ղազախստանինը` մոտ 2,5 անգամ: Նա նաև նշեց, որ կարևորը մեկ տարվա բարձրացումը չէ, հարկավոր է նաև մյուս տարիների էլ այն պահել, ինչի դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր այն կարգավորել միջնաժամկետում:

«Արդյոք հնարավո՞ր է այն կարգավորել հարկերի միջոցով: Այս դեպքում պետք է հարկեր/ՀՆԱ-ն 10 տոկոսով բարձրացնել: Խնդրում եմ, ցույց տվեք ինձ աշխարհում մեկ երկիր, որը մեկ տարվա ընթացքում 10 տոկոս հարկեր/ՀՆԱ ցուցանիշ է մեծացրել: Իսկ եթե մտածում ենք, որ պարտքի հաշվին ենք մեծացնելու, ապա դա ամենավտանգավոր բանն է, ինչը երբեք չի կարելի անել: Այն ամենաանարդարացի բանն է մեր ազգաբնակչության համար, որովհետև վերցնել պարտք և ֆինանսավորել թոշակ կամ աշխատավարձ՝ խիստ վտանգավոր է»,-ասաց Վարդան Արամյանը:

Նրա խոսքով` ամենակարևորը տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելն է: Արամյանն անդրադարձավ քաղաքական ուժերից մեկի առաջարկած ծրագրին, ըստ որի հարկավոր է զարկ տալ տնտեսական աճին և 5 տարիների ընթացքում հանրության խնայողության հակվածությունը մեծացնել 5-6 տոկոսով: Այսինքն` ազգաբնակչությունը պետք է ավելի քիչ սպառի և ավելի շատ խնայի: «Ընդ որում` դա ասում է մի ուժ, որը դեմ է կուտակային կենսաթոշակներին: Խնայողությունները մեծացել են այն երկրներում, որտեղ ընդլայնվում է պարտադիր կուտակային համակարգը»,– ընդգծեց ֆինանսների նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում