Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպան Յերուշալմին իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման գործում:

Զրուցակակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ընդգծվեց նաև երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և կարևորվեց այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում