Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ մարտի 22-ին այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա ներկայացրեց ՊԱՀՀ-ի ստեղծման գործընթացը, ՊԱՀՀ-ի առաքելությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները: Հյուրերին ողջունեց նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, որը համառոտ կերպով ներկայացրեց Համալսարանում իրականացվող հետազոտական գործունեությունը: ՊԱՀՀ-ում կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտությունները հանգամանորեն ներկայացրեց ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց, որ ՊԱՀՀ-ում կատարվող հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ և առաջարկություններ:

Հյուրերը բարձր գնահատեցին ՊԱՀՀ-ի գործունեությունը և գոհունակություն հայտնեցին ճանաչողական այցի կապակցությամբ: Նրանք նաև հույս հայտնեցին, որ Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում